Հայաստանի հանրապետության տարածքից մեկնող քաղաքացիները կարող են կանգնել հյուպատոսական հաշվառման:

Հյուպատոսական հաշվառումը՝ հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիների տվյալների կամավոր և անվճար տրամադրումն է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Այն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ իրավունքների, շահերի և պարտականությունների իրականացմանը նպաստող ավտոմատացված համակարգ է, որի գործադրմամբ հնարավոր է լինելու ապահովել վերջիններիս հետ պետական մարմինների անհրաժեշտ կապը:

Հյուպատոսական հաշվառմանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացի՝ անկախ տարիքից: Մինչև 16 տարեկան քաղաքացին հյուպատոսական հաշվառման է վերցվելու ծնողների /որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների/ դիմումի հիման վրա՝ վերջինիս հյուպատոսական հաշվառման հասցեով: Անգործունակ ճանաչված քաղաքացիները հյուպատոսական հաշվառման կարող են կանգնել խնամակալի դիմումի հիման վրա:

ՀՀ քաղաքացիների կողմից ներկայացման ենթակա տվյալների ծավալը տարբեր է՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մեկնելու ժամկետով պայմանավորված /մինչև 183 օր կամ ավել/:

Ավտոմատացված համակարգում տեղ գտած տվյալները հասանելի են լինելու երկու՝ ծառայողական և հանրային մակարդակով: ՀՀ Արտաքին գործերի նախարարության կողմից հյուպատոսական հաշվառման կանգնելու հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվելու է նախարարության պաշտոնական կայքում: Յուրաքանչյուր քաղաքացի, ավտոմատացված համակարգ մուտք գործելու միջոցով, իրեն վերաբերող մասով, հնարավորություն է ունենալու օգտվել համակարգից: Ավտոմատացված համակարգից ծառայողական հասանելիությամբ օգտվելու իրավունք ունեն ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավասու պաշտոնատար անձինք, յուրաքանչյուրն իր գործունեության ոլորտին առնչվող մասով.

    ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությունը,
    ՀՀ պաշտպանության նախարարությունը,
    ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն,
    ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը,
    ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
    ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը,
    ՀՀ սփյուռքի նախարարությունը:

Վերջում հավելենք, որ հյուպատոսական հաշվառման համակարգը ներդրվել է դեռևս 2014 թվականի օգոստոսի 2-ից ուժի մեջ մտած օրենսդրական փաթեթով, որի գործարկումը, սակայն, պահանջում էր լրացուցիչ ենթաօրենսդրական ակտի ընդունում: Անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտի ընդունումը տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ ՀՀ կառավարության N 1000-Ն որոշման տեսքով, որով էլ մարմասն կարգավորման են ենթարկվել հյուպատոսական հաշվառման հավաքագրման հետ կապված հասարակական հարաբերությունները:

 

© 2010 Այլեքս իրավաբանական գրասենյակ.  
Այլեքս ™ Հեղինակային իրավունքները պաշտպանված են

 

Կայքի պատրաստումը՝
Popoke.Digital